Մեծ Բրիտանիայում չաու-չաու շնիկը ճաղավանդակում է հայտնվել այն բանի համար, որ կծել է ոստիկանի ձեռքը: Ինչպես հայտնել է Daily Mail հրատարակությունը, երկրի բազմաթիվ բնակիչների կարծիքով՝ շնիկի նկատմամբ անհամաչափ խիստ վճիռ է կայացվել:
Միջադեպը նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Սթոք-Բրուեռն գյուղում: Բանգլ անունով չորսամսական շնիկը դուրս է վազել իր տերերի՝ միլիոնատեր բանկիրներ Հեյսերի տան դարպասից, եւ հայտնվել ճանապարհի վրա՝ թույլ չտալով, որ ավտոմեքենաներն անցնեն:
Այնտեղ նրան փորձել է բռնել ոստիկանը, բայց անհնազանդ շունը կծել է նրա ձեռքի դաստակը եւ նախաբազուկը: Շանը տարել են բաժին եւ գցել վանդակը: Շնիկը պետք է բանտարկության մեջ անցկացնի մինչեւ ինն ամիս: Կարգի պահապանները վստահեցնում են, որ գործում են 1991 թվականի օրենքին՝ «Վտանգավոր շների մասին» ակտին, համապատասխան:
Ոստիկանների վճիռը բողոքներ է առաջացրել բնակիչների շրջանում: Վեց օրում ավելի քան 2,5 հազար մարդ է անդամագրվել Facebook-ում ձեւավորված խմբին, որը կոչ է անում ազատ արձակել Բանգլին: Շան տերը՝ Դեւիդ Հեյսը, հայտարարել է, որ հարգում է ոստիկանությանը, բայց վճիռը համարում է չափազանց խիստ եւ ոչ համարժեք: Նա հավելել է, որ իր 15 տարեկան որդին այնքան է վշտացել շնից բաժանվելու պատճառով, որ ինքն ստիպված է եղել օրվա կեսին նրան դպրոցից տուն տանել:
Նաեւ, Հեյսի խոսքով, շունը վանդակում վախ ու սթրես է ապրում: Նա փաստաբանների է վարձել, որպեսզի նրանք պարզեն տեղի ունեցածը եւ պաշտպանեն շնիկին:
Աղբյուրը՝168.am