«Կներեք ինձ, տիկին Ռիտա: Այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար դարձավ…» ի՞նչ է պատմում Սամվել Ֆարմանյանը


Սամվել Ֆարմանյանն իր սոցհարթակում գրում է. «Կներեք ինձ, տիկին Ռիտա: Այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար դարձավ: Էդքա՜ն բարի, էդքա՜ն պարզ, էդքա՜ն անմիջական, էդքա՜ն մարդասեր… մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Բոլորին հասնող, շուրջբոլորի ուրախությանը վազող ու ցավին շտապող: Շիտա՜կ, հայեցի՜, զրնգու՜ն…

Նախանձելի պարկեշտությամբ ու արդեն մոռացված համեստությամբ` ճակատագրի իրեն բաժին հանած Առաջին տիկնոջ դերում: Օրինակելի զսպվածությամբ ու խորունկ հարգանքով ամուսնու` պետության առաջին դեմքի առաքելության ու անելիքի հարցում: Բացառիկ «օտարվածությամբ»` պետությունից, պետական ինստիտուտներից ու պետական գործերից:

2008թ. սեպտեմբերին` Անկախության տոնի նախօրեին էր (արդեն մի քանի ամիս է, ինչ նախագահի մամուլի քարտուղարն էի) զանգ ստացա: Տիկին Ռիտան էր: Անասելի ամոթխածությամբ խնդրեց մի հարցում օգնել` ճշտել, թե արդյո՞ք մշակութային մեր անվանի գործիչներից մեկը ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների արժանացած անձանց ցուցակում է:

Հասկացա, որ այդ անձը Առաջին տիկնոջն էր դիմել` խնդրելով ճշտել: Զարմացա. մի՞թե Առաջին տիկինը հենց տանը չէր կարող ճշտել տասներորդական կարգի նման մի տեղեկություն, որ հասու կարող էր դառնալ անգամ յուրաքանչյուր լրագրողի և իր «հույսը» նախագահի մամուլի քարտուղարն էր մնացել:

Անակնկալի եկած` ոչինչ չասացի, խոստացա հետ զանգել ու տեղեկացնել, թեև ես շատ լավ գիտեի ամեն ինչ, ինքս էի արդեն ստորագրված այդ ցուցակները հաջորդ առավոտյան ուղարկելու հրապարակման: Ճշտեցի: Ցավոք, ինձ չթույլատրվեց հետ զանգել… Հետո շատ բան հասկացա… Ու որքան հասկացա, էդքան ավելի շատ հարգեցի: Երկուսին էլ:

Այդպես էլ տիկին Ռիտային այդ օրը ես հետ չզանգեցի ու չտեղեկացրեցի այդ ոչինչ չարժեցող տեղեկությունը: Չզանգեցի, թեև, ինչ-որ ձևով, չնայած արգելքին, երևի կարող էի… Կներեք ինձ, տիկին Ռիտա: Այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար դարձավ: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:

Հ.Գ. Պարադոքսալ է, բայց մարդու մահն է միայն, որ ամբողջացնում է նրա կերպարը` ճշմարիտը, իսկականը, անաղմուկը, լուռը…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!