Կարպիս Փաշոյանն իր սոցհարթակում գրում է. «Իշխանական պրոպագանդիստները ամեն կերպ փորձում են որպես պարտության հիմնական պատճառ դիտարկել այն փաստը, թե շատ հրամանատարներ թողել իրենց զինվորներին ու փախչել։
Իհարկե նմանատիպ ամոթալի դեպքեր եղել են, բայց ոչ համատարած։ Այսինքն առանձին հրամանատարների վախկոտությունը վճռական դեր չէր կարող խաղալ պատերազմական ելքի վրա։
Ի հակադրություն այս քարոզչական թեզի ես կարող եմ ներկայացնել նաև հակառակ պատկերը։ Պաշտպանական բանակի միջին և կրտսեր սպայակազմի մի զգալի մասը զոհվել է։ Խոսքը կապիտանների, մայորների, փոխգնդապետների և գնդապետների մասին է։ Նրանցից շատերը զոհվել են այնպիսի իրավիճակներում և գործողություններում, որտեղ ի պաշտոնե ընդհանրապես չպետք է լինեին։
Այսինքն հրամանատարներից շատերը զոհվել են իրենց զինվորների փոխարեն, խնայել են տղաներին և իրենք են նետվել կրակի բերանը։ Հարյուրավոր այսպիսի օրինակներ կան, ինչի հետևանքով միջին և կրտսեր հրամանատարների թիվը բանակում կտրուկ նվազել է։ Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, թե բանակի ողնաշարը կոտրված է։
Բնականաբար, այս ամենի մասին շատ քիչ են խոսում, ձեռք չի տալիս, քանի որ իշխանական քարոզչամեքենան խնդիր է դրել հրամանատարներին ու կամավորներին դասալիք դարձնել։ Հրամանատարները տեղում են եղել ու իրենց սրտերը չեն թաքցրել զինվորների մեջքի ետևում»: