Մեր անհետ կորածների ու գերիների հրատապ ու հույժ կարևոր հարցով զբաղվում են շատերը: Պատգամավոր Արեն Մկրտչյանը ևս ակտիվորեն զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերի ուսումնասիրմամբ ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացներով: Նա գերիների և անհետ կորածների մասին հետևյալ տեղեկություններն է հայտնում իր համացանցային հարթակում.
«Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների ևս երկու մարմին հաջողվեց գտնել՝ ընտանիքների անդամների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացվող տևական որոնողական աշխատանքների արդյունքում։
Ընտանիքների հետ մշտական կապի մեջ եմ, անհրաժեշտության դեպքում աջակցում ենք տեխնիկական հարցերով։ Հիշեցնեմ՝ մինչ այս հաջողվել էր գտնել ևս մեկ մարմին, մեկ զինծառայողի ողջ, առողջ գտել էինք Եղնիկների զորամասում, ընտանիքը տեղյակ է։ Շարունակում ենք աշխատանքները։
Խոնարհվում եմ նահատակների ընտանիքների առաջ։ Անհետ կորած մեր հերոսների ընտանիքներին ուժ ու համբերություն»,- իր տեղեկատվական հրապարակումն ավարտել է պատգամավոր Ա. Մկրտչյանը: