Արմեն Ալավերդյանն իր սոցհարթակում «ՀԱՆՈՒՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ» վերնագրով հրապարակում է արել: Նա գրել է. «Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է։ Այս տարի որոշել էի ոչ մի բառով չանդրադառնալ օրվա խորհրդին։ Մտափոխվեցի՝ հանուն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր հերոսների։
Երբ հաշմանդամ դարձա 1987թ.-ին, մտածում էի, որ կյանքս ավարտված է, իմաստ չունի սայլակի վրա ապրել։ Սակայն տարիների ընթացքում վերգտա ինձ, կյանքս իմաստավորվեց, նաև բազմաթիվ այլ մարդկանց օգնեցի։ «Ունիսոն» կազմակերպության ջանքերի շնորհիվ հարյուրավոր հաշմանդամներ աշխատում են, մեծ ձեռքբերումներ ունենք մատչելիության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում։
Արդեն մեկ տարի է, ինչ ծանր հիվանդության պատճառով տանն եմ՝ կյանքի ու մահի արանքում։ Հիմա ավելի քան երբեք ուզում եմ կազդուրվել և գործել՝ հանուն մեր հերոսների։
ՀԱՎԱՏԱՑԵՔ, հաշմանդամությունը դատավճիռ չէ, կյանքը շարունակվում է։ Միասին հսկայական գործ ունենք անելու՝ խոցված Հայրենիքը վերականգնելու և ծաղկեցնելու համար»: