Արեգ Բալայանը պատմում է. «Անիկ բաբոն (80-ն անց տատիկ) իր տղա Արմենի հետ քայլում էր շարասյանը հակառակ` դեպի Ստեփանակերտ։ Քայլում էին հորդառատ անձրևի տակ, քայլում էին… դեռ պիտի քայլեին մինչև տուն` մոտ 12կմ։
Դուրս եկա մեքենայից, հարցրի` ո՞ւր եք գնում, ասեց` գնում ենք Խնածախ (Ստեփանակերտից 3կմ հեռավորության վրա գտնվող գյուղ):
Պարզվեց` տղայի տարիքը չէր համապատասխանում, որ Արցախի տարածքից դուրս գան, իսկ ինքը լացելով ասում էր, որ չի կարող թողնել, որ տղան գնա ֆռոնտ, ասում էր` պապաս մեռել ա, մամաս մեռել ա, քուրս, ախպերս չկան, էս աշխարհում բացի տղայիցս ոչ ոք չկա, ինքն էլ երեք անգամ ծառայել ա, բա որ իրան մի բան պատահի, ես ոնց եմ ապրելու, ես մենակ չեմ կարող ապրել…
Հանդիպակաց մեքենաներից մեկին կանգնացրի, խնդրեցի` հասցնեն տուն, ասեցին` Ստեփանակերտ կտանենք, իսկ էդ պահին Ստեփանակերտից արագ հեռացող տասնյակ կիլոմետրանոց շարասյուն էր կանգնած մայրուղու վրա, որտև մեզ ասեցին` գայլը սարի հետևն ա։
Ինչևէ… Մի քանի օր անց գնացի իրենց գյուղ, իմացա, որ տանն են. հասել էին։ Տենց։ Էս պատերազմի, իմ ապրած ամենախայտառակ ու, երևի, ինքս ինձ կյանքում չներվող օրը։ Խաբվեցինք, թողեցինք…»