Ինչպես հայտնի է, Լապշինը Հայաստանում է և զբաղված է վիրավորում ստացած զինվորներին այցելելով և օգնություն ցուցաբերելով:
Ներկայացնելով բուժում ստացող երիտասարդների և նրանց ընտանիքների ֆիզիկական, հոգեբանական և ֆինանսական վիճակի մասին մանրամասներ՝ Լապշինը հորդորում է աջակցել նրանց:
Լապշինը մի ամբողջ օր է անցկացրել այն երիտասարդների հետ, ովքեր զբաղվում են վիրավորներին աջակցություն ցուցաբերելու գործունեությամբ: Նա այդ երիտասարդների հետ միասին այցելել են ստեփանակերտցի Հայկ Հովհաննիսյանին, ով կորցրել է իր ոտքը:
Հայկի մայրն ու քույրը ժամանակավորապես վարձով ապրում են Երևանում, սակայն պատրաստվում են վերադառնալ Ստեփանակերտ: Անկախ ֆիզիկական վիճակից՝ Հայկը բազում նպատակներ ու ծրագրեր ունի:
Լապշինը գրել է նաև Արթուր Նժդեհի մասին, ով Հայաստանին օգնելու համար եկել է Սոչիից: Սկզբնական շրջանում եղել է ռազմաճակատում, ապա սկսել է զբաղվել թիկունքային աշխատանքներով, գումարներ է հավաքում, գնումներ անում՝ աջակցելով կարիքավորներին:
Լապշինի հետ զինվորներին օգնություն է բաժանում նաև նրա դստրիկը՝ նրանց նվիրելով իր ձեռքով պատրաստած կավե իրեր: