Տիգրան Խանջարյանը նոր գործ է ներկայացրել, որը նվիրված է մեր բոլոր զինվորներին, ինչպես նաև այն կամավորներին, ովքեր մեկ օրվա մեկ դառան հայրենիքի զինվոր՝ կանգնելով մյուս զինվորականների կողքին՝ հայրենի եզերքում իրենց խաղաղ կեցությունն ապահովելու համար:
Երգը վերնագրված է «Հայրենիքս, քո կողքին եմ»: Այն արտահայտում է հայրենիքի բոլոր նվիրյալների կամքը՝ հայրենիքի համար այս օրհասական պահերին ուս ուսի տալով, միասնականությամբ հաղթելու վճռականությունը:
Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը: Երգը ներկայացված է հուզիչ հոլովակի զուգակցությամբ, որտեղ կադրերով պատկերվում է վերջերս ավարտված պատերազմի կարևոր դրվագներն ու պահերը:
Տեսահոլովակում տեղ են գտել կադրեր նաև սփյուռքի հայ հանրության ակտիվության դրսևորումներից: Մենապարով հանդես է գալիս Անի Հարոյանը: Դուդուկը հնչեցնում է Արթուր Պետրոսյանը:
Երգը հաղթանակի հաստատակամություն ու հույսի շող է արձակում, փոխանցում: Տ. Խանջարյանի նոր, գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել ստորև: