Ֆրանսիայից Արցախ են ժամանել մի շարք մտավորականներ, այդ թվում նաև հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին: Ֆրանսահայ երգահան Միշել Պետրոսյանը կարևորում է Արցախ այցը:
Նա գտնում է, որ արցախցիների կողքին այս օրերին պետք է այլ երկրներից մարդիկ լինեն, որ ցույց տան, որ նրանք մենակ չեն, լքված չեն, անօգնական չեն:
Երգահանը միջազգային լրագրողներին համարում է ցինիկ, քանի որ հեռուստացույցի հեռարձակումներում աշխարհը ցավում է կենդանիների համար, սակայն անտարբեր է երիտասարդների, երեխաների, ծերերի կյանքի համար:
Ֆրանսիայից եկած պատվիրակության անդամները շրջել են Արցախի տարբեր վայրերում, եղել են Ստեփանակերտի երաժշտական քոլեջում, շփվել քոլեջի երեխաների հետ: Հետո երեխաները Պատրիկ Ֆիորիի հետ միասին երգում են «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացումից մի հատված, որը հուզում է ներկաներին:
Ֆրանսիացիների այցելության մանրամասները, ինչպես նաև երգահան Միշել Պետրոսյանի ուշագրավ դիտարկումները մերօրյա իրականության մասին կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: